Բացահայտիր Շիրակը-Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցի
· Գյումրի

Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասում: Եկեղեցին կրում է 4-րդ դարի եկեղեցական գործիչ, սրբերի շարքին դասված Սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետի անունը:
Կառույցի ճարտարապետն է Բաղդասար Արզումանյանը, իսկ շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը: Սուրբ Հակոբ եկեղեցին օծվել է 2002 թվականի օգոստոսի 29-ին:
Կառույցն իր շրջակայքով զբաղեցնում է 2.5 հեկտար տարածք: Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմտյան գլխավոր և հարավային կողային դուռ:
Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցու ընդարձակ աղոթասրահն իր չափերով անգամ գերազանցում է Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Յոթ Վերք եկեղեցուն:
Եկեղեցին ունի խաչաձև հորինվածք: Առաջին հարկում տեղակայված են խաչթևերն ու անկյունային չորս ավանդատները, իսկ երկրորդ հարկում՝ խաչթևերը միացնող անկյունային սենյակները, որոնք ծառայում են որպես պատշգամբ-աղոթասրահ:
Եկեղեցու արտաքին չափերն են 33.6 x 25.85 մետր, իսկ ընդհանուր բարձրությունը հասնում է գրեթե 30 մետրի: Կենտրոնական շրջանաձև տարածության տրամագիծը 18 մետր է, գմբեթի բացվածքի տրամագիծը ներսից՝ 9 մետր, իսկ թմբուկի բարձրությունը՝ 5.5 մետր:
Վեղարն ու թմբուկն ունեն 16 նիստ: Թմբուկի յուրաքանչյուր նիստ ունի մեկական լուսամուտ, որոնք համապատասխանում են կենտրոնական շրջանագծի արտաքին ճակտոնավոր նիստերի քանակին: Մկրտարանը տեղակայված է հյուսիսային կողմում:
Եկեղեցու խորանը ձգված կողերով կիսաշրջան է՝ 3 մետր շառավղով և 5.5 մետր խորությամբ, որի ներսում կան սիմետրիկ զույգ որմնախորշեր:
Խորանային հաղթակամարի բարձրությունը մոտավորապես 13 մետր է: Եկեղեցին ունի 4 ավանդատուն, որոնցից երկուսը գտնվում են արևմտյան կողմում՝ գլխավոր մուտքի աջ և ձախ անկյուններում (4.03 x 4.02 մ և 3.98 x 4.08 մ), իսկ մյուս երկուսը միասին գտնվում են 7.22 x 5.8 մ չափերի փոքրիկ նախասրահում և շրջապատում են ավագ խորանը (3.98 x 3.90 մ և 3.92 x 3.93 մ):
Եկեղեցու հարևանությամբ 2010 թվականին տեղադրվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որի քանդակագործն է Զավեն Կոշտոյանը:
Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անի թաղամաս:
Կոորդինատները՝ 40°49'46"N 43°49'44"E: