Գյումրու պատմական շենքերը՝ գիշերային լուսավորության ներքո. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Գյումրու քաղաքապետարանը հրավիրում է քաղաքում գործող պետական, համայնքային, մասնավոր, ինչպես նաև հասարակական նշանակության բոլոր հաստատությունների, կազմակերպությունների և սեփականատերերի ուշադրությունը։
Այսօր քաղաքի երեկոյան տեսքը և պատշաճ լուսավորվածությունը խաթարվում է, քանի որ պատմական ու ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող մի շարք խոշոր կառույցներ և կարևոր շենքեր (այդ թվում՝ Արվեստների ակադեմիայի, նախկին Գուլպա-նասկեղենի արտադրական միավորման, «Պրոգրես» համալսարանի շենքերը և այլն) երեկոյան ժամերին մնում են մթության մեջ և զրկվում արտաքին լուսավորությունից։
Հաշվի առնելով Գյումրիում զբոսաշրջային հոսքերի անընդհատ աճը՝ մեր քաղաքը տարվա բոլոր եղանակներին և օրվա բոլոր ժամերին տեղացիներին ու հյուրերին պետք է ներկայանա իր ողջ ճարտարապետական շքեղությամբ ու գեղեցկությամբ։
Քաղաքապետարանը խնդրում է՝
• դպրոցների, նախակրթարանների և բուժհաստատությունների ղեկավարներին,
• մասնավոր հաստատությունների, կոմերցիոն տարածքների և խոշոր կառույցների սեփականատերերին
իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ իրենց ենթակայության կամ սեփականության տակ գտնվող շենքերի (հատկապես՝ ճարտարապետական տեսք ունեցող) արտաքին գիշերային լուսավորությունն ապահովելու համար։
Երեկոյան ժամերին մեր քաղաքի պատշաճ լուսավորվածությունն ու գրավիչ տեսքը բոլորիս համատեղ պատասխանատվությունն է։
Նշված կառույցների ղեկավարները հրավիրվում են Գյումրու քաղաքապետարան՝ աշխատանքային հանդիպման։ Հանդիպման օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։