Բացահայտիր Շիրակը-Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում
· Գյումրի

Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիի ամենանշանավոր ու սիրված հուշարձաններից մեկն է, որը տեղադրված է մեծանուն ֆրանսահայ երգչի, երգահանի և հասարակական գործչի պատվին։
Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը մեկնարկել է 1996 թվականին, իսկ բուն աշխատանքները սկսվել են 1997-ին։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 22-ին։ Արձանի բացման արարողությանը անձամբ ներկա է գտնվել հենց Շառլ Ազնավուրը։
Հուշարձանի քանդակագործն է Հայաստանի վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը, իսկ ճարտարապետը՝ Հայաստանի ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Արթուր Թարխանյանը, ով նույնպես ներկա է եղել բացմանը։
Քանդակը բրոնզաձույլ է, իսկ պատվանդանը պատրաստված է գրանիտից։ Արձանի ընդհանուր բարձրությունը պատվանդանի հետ միասին կազմում է 6 մետր 70 սանտիմետր։ Ազնավուրի թիկունքում վեր է խոյանում ճարտարապետական կամարը։ Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Տեղակայումը՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Շառլ Ազնավուրի հրապարակ
Կոորդինատները՝ 40°48′20″N 43°50′55″E