Ճանաչենք Շիրակի մարզի հսկաներին - Ռոբերտ Էմմիյան

· Գյումրի

Ճանաչենք Շիրակի մարզի հսկաներին - Ռոբերտ Էմմիյան

Ռոբերտ Ժիրայրի Էմմիյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 16-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): Նա հայազգի հայտնի հեռացատկորդ է, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի և հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, ինչպես նաև Եվրոպայի գործող ռեկորդակիր:

​Էմմիյանի Եվրոպայի ռեկորդը կազմում է 8.86 մետր, որը նա սահմանել է 1987 թվականի մայիսին Ծաղկաձորում կատարած ցատկով: Այս արդյունքը մինչ օրս մնում է չգերազանցված:

​Նրա մարզական հաջողությունները սկսվել են վաղ տարիքից․ 16 տարեկանում Ռոբերտ Էմմիյանը ցատկել է 7,77 մետր, ինչը իր տարիքային խմբում աշխարհի ռեկորդ էր: 1986 թվականին նա ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը: Հեռացատկի ասպարեզում նա դարձել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն (1981–1988), ԽՍՀՄ ժողովուրդների 9-րդ սպարտակիադայի հաղթող (1986), Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (1986, 1987), ինչպես նաև աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1987):

​Մարզական կարիերայից հետո Էմմիյանը 9 տարի որպես մարզիչ է աշխատել Կատարում, որից հետո եղել է Կատարի Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդականը: 2010 թվականի ապրիլից նա ստանձնել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:

​1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Ռոբերտ Էմմիյանը տեղափոխվել է Ֆրանսիա և այժմ բնակվում է Փարիզում: Նա ուներ երկու դուստր՝ Ֆիոնան և Լորենը: