Բացահայտիր Շիրակը - Տուֆաշեն․Շիրակի թաքնված պատմական գոհարը

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Տուֆաշեն․Շիրակի թաքնված պատմական գոհարը

Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղը, որը պատմական աղբյուրներում, մասնավորապես Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» աշխատության մեջ, հիշատակվում է որպես «Արմուտլու» (Տանձուտ) կամ Արմութլի, գտնվում է ծովի մակարդակից 1680 մետր բարձրության վրա:

Գյուղի պատմական հարստությունը սկսվում է դեռևս բրոնզե դարից. հարավային կողմի բլրի գագաթին պահպանվել են մ.թ.ա. II հազարամյակի ամրոցի հետքերը:

Այս ամրոցի պարիսպների ստորին հատվածները կառուցված են 1.5 մետր հաստությամբ անմշակ որձաքարերով՝ առանց շաղախի (կիկլոպյան շարվածք), որտեղ արտաքին պատերը խոշոր քարերից են, իսկ միջուկը՝ մանր:

Ամրոցի տարածքում հայտնաբերվել են նաև մ.թ.ա. I դարի կավե ամանների բեկորներ և նույն ժամանակաշրջանի դամբարանադաշտ:

​Գյուղի հարավ-արևմտյան եզրին է գտնվում վաղ միջնադարյան յուրօրինակ գերեզմանատունը, որտեղ տապանաքարերը պատրաստված են տուֆից:

Այս վայրն առանձնանում է քրիստոնեական դամբարանաշինության մեջ եզակի «խաչատապանաքարերով»:

Դրանք օրորոցաձև քարեր են, որոնց արևելյան ծայրը ուղղանկյունաձև բարձրացված է՝ ծառայելով որպես հիմք XIII-XIV դարերի ինքնատիպ զարդաքանդակներով խաչքարերի համար:

Բացի այդ, գյուղում պահպանվել է XIX դարի վերակառուցված եկեղեցին, որի հյուսիսային պատի մեջ ագուցված է XV-XVI դարերի խաչքարի բեկոր:

​Տուֆաշենի ամենանշանավոր հուշարձաններից է «Թուխ Մանուկ» կոթողը (XII-XIII դդ.):

Հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը նշել է, որ այս վայրը սկզբնապես եղել է նախաքրիստոնեական փոքրիկ կրոնական կառույց՝ հավանաբար հերոսական գերեզման կամ հերոսապաշտության վայր:

Հետագայում տեղի բնակիչները, օգտագործելով կիկլոպյան հին շինության հիմքերն ու քրիստոնեական հին հուշարձանների բեկորները, այն վերածել են մատուռի և ուխտատեղիի:

Այստեղ հավաքված են նաև X-XI դարերի քանդակազարդ քարեր և խաչքարերի մասունքներ:

Այն կարևոր հանգույց է հնագիտական և մշակութային զբոսաշրջության սիրահարների համար՝ շնորհիվ իր բազմաշերտ պատմության, որն ընդգրկում է անտիկ շրջանից մինչև ուշ միջնադար ձգվող ժամանակահատվածը:

​Տեղակայումը. Տուֆաշենը գտնվում է Շիրակի հարթավայրի և Արագածի լեռնազանգվածի սահմանագծին:

Կոորդինատներ. 40.631111, 43.947778