Բացահայտիր Շիրակը- Քանդակագործության Ազգային պարկ-թանգարան
· Գյումրի

Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքում։ Այն իր տեսակով բացօթյա պատկերասրահ է, որի ընդհանուր տարածքը կազմում է 44.35 կմ² (4435 հա)։ Հիմնադրվել է 2013 թվականին «Գյումրու Մշակութային Էքսպերիմենտալ Կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ։
Թանգարանի տնօրենն է Արթուր Գևորգյանը։
Հետխորհրդային տարիներին Գյումրիում տեղադրված բազմաթիվ խաչքարերը, հուշաղբյուրները, հուշատախտակներն ու արձանները նախապայման հանդիսացան պարկ-թանգարանի ստեղծման համար։ Այն ստացել է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Արթուր Գևորգյանի փոխանցմամբ՝ բացօթյա թանգարանն իր չափերով եզակի է ամբողջ աշխարհում։
Թանգարանն ընդգրկում է քանդակագործական աշխատանքների և գեղարվեստական հուշարձանների 5 պուրակներ․
Ժամանակների համերաշխության մշակութային համալիր (Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք, որը հատկացված է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի մասնաճյուղին)
Պարկային քանդակների պուրակ
Հայկական ազատամարտի ու ֆիդայական շարժման պուրակ (այս երկուսը Հաղթանակի զբոսայգու հատվածում են և համայնքային սեփականություն են)
Հայ մտավորականների պուրակ (Դրամատիկական թատրոնի մերձակա հրապարակում՝ համայնքային սեփականություն)
Նանե հոթել քանդակների պուրակ (մասնավոր սեփականություն)։
Գյումրիի այս յուրօրինակ բացօթյա մշակութային տարածքը հիանալի ուղղություն է ինչպես արվեստասերների, այնպես էլ քաղաքի պատմությունն ու ինքնատիպ շունչը բացահայտել ցանկացողների համար։
Տեղակայում՝ Հայաստան, Շիրակի մարզ, ք. Գյումրի
Կոորդինատներ՝ 40°47'13.76"N 43°50'45.04"E