Փանիկում բացվել է «Մոխանք Արևագորգ» յուրահատուկ ստեղծագործությունը. Արթիկի համայնքապետարան
· Արթիկ

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Փանիկի արվեստի դպրոցի բակում տեղի է ունեցել
տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի «Մոխանք Արևագորգ» ստեղծագործության հանդիսավոր բացումը:
Միջոցառմանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, տեղակալներ Գոռ Պետրոսյանը, Վարդան Մակեյանը, Փանիկի վարչական ղեկավար Մկրտիչ Սահրադյանը, Փանիկի Հայ Կաթողիկե Եկեղեցու Ժողովրդապետ Տեր Միքայել Քահանա Տօմպուրյանը, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։
Արվեստի դպրոցի տնօրեն Լիլիթ Տոնականյանի և հաստատության նկարչության ուսուցիչ Վարշամ Սահակյանի նախաձեռնության հիմնական նպատակն է հայկական ավանդական գորգարվեստը դուրս բերել փակ տարածությունից, ինտեգրել բակային միջավայրին և դարձնել ապրող արվեստի բաղկացուցիչ մաս:
Ներկաներին ողջունել և շնորհավորել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը` բարձր գնահատելով նմանօրինակ նախաձեռնությունների դերը մշակութային ժառանգության պահպանման և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում:
Լիլիթ Տոնականյանի և Վարշամ Սահակյանի համատեղ ջանքերով իրականություն դարձած
7 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ տպավորիչ աշխատանքի պատկերումը և ձևավորումը տևել է շուրջ 20 օր:
ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Տոնականյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ այս նախաձեռնությունը նոր շունչ է հաղորդում ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը` կրթօջախի սաների և համայնքի համար ստեղծելով արվեստի հետ անմիջական շփման նոր հարթակ:
Միջոցառմանն իրենց կատարումներով ներկաներին հաճելի տրամադրություն են հաղորդել քանոնի բաժնի և պարի խմբակի սաները: